▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի խոսել է հեռախոսով. ԱԺ-ն ինֆորմացիա չի տրամադրում

armtimes.com-ը գրում է. Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները եւ հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:

Հրապարակումից հետո armtimes.com-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ  է վճարվել: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10- 12 հազար դրամի սահմանում գումար: Տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ Հերմինե Նաղդալյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ անհասանելի էր:

Հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին եւ խնդրեցինք տեղեկություններ տալ այն մասին, թե 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որքա՞ն գումար է ԱԺ-ի աշխատակազմը վճարել ֆիքսված հեռախոսի, բջջային կապի, ռոումինգ ծառայության եւ ինտերնետ կապի համար: Խնդրել էինք տեղեկությունը տրամադրել առանձին-առանձին: Մյուս հարցով Արա Սաղաթելյանին խնդրել էինք ասել, թե նույն ժամանակահատվածում ո՞ր պաշտոնատար անձինք են օգտվել ռոումինգի ծառայությունից եւ որքան գումար է դրա համար վճարվել:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հարցումն ուղարկել է ԱԺ-ի հանրային կապերի վարչություն: Շուրջ 15 օր է անցել նամակագրությունից, սակայն ԱԺ-ն դեռ չի պատասխանել վերը նշված եւ ոչ մի հարցի: ԱԺ-ից մեզ բանավոր հայտնել են միայն, որ չեն կարողանալու առանձին-առանձին նշել, թե որ հեռախոսահամարի համար որքան են վճարել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին