▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակավրեպ բան է, ոչ մի բան չենք պատրաստվում անել. ԵՊՀ ռեկտորը` հացադուլ սկսած ուսանողների մասին

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը «ժամանակավրեպ քայլ» է որակում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների այսօր սկսած հացադուլը։ Այս մասին նա հայտնել է Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Սիմոնյանը վստահ է՝ այս հացադուլը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։

«Մենք չենք խանգարում նրանց, ժամանակավրեպ բան է. այդքան հանդիպումներ եղան, քննարկումներ եղան, բացատրություններ եղան։ Ժամանակավրեպ քայլ է, և բացարձակ որևէ դրական հետևանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։ Դա իրենց խնդիրն է։ Ուսանող են, իրենց իրավունքն է մտնել լսարան, իրավունք ունեն համալսարանում լինել, մենք ոչ մի բան չենք պատրաստվում անել, ուղղակի քննաշրջան է սկսվում՝ ընթացիկ քննություններ և ստուգարքներ են, ուղղակի դրանք չխանգարվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ ուսանողությունն այս անգամ անտարբեր կլինի։ «Ես կարծում եմ, որ սխալ ճանապարհ են ընտրել, կամ ինչ մտադրվել են անել, չի բխում ժողովրդի շահերից, գիտության զարգացման շահերից», - ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ կրկին հացադուլ է սկսել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում՝ բողոքելով զինծառայության մասին օրենքի դեմ։

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին