ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը մասնավորապես գրել է.
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա. Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: