▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի «մասնավոր ինքնաթիռն» ու անգլերեն ելույթը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում է` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Դավոս մեկնելու ճանապարհին Կարեն Կարապետյանը ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է մասնավոր  ինքնաթիռի սրահ,ուր վարչապետը նստած է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի և կառավարության երիտասարդ երկու անդամի հետ:  Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն անձնական օդանա՞վ ունի, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են.  «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ո՞ր ընկերությունն է վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել այդ օդանավը:

Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: 

Իր խոսքում Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով: Մենք ակնկալում ենք, որ 2017 թվականի համար ՀՆԱ–ի աճը կհասնի շուրջ 7 տոկոսի: Այս արդյունքին նպաստել է 12,3 տոկոս աճը արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար–նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ինչպես նաև առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առևտրի): Ունենք նաև աճի այլ ոլորտներ: Օրինակ, դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբեր ամսին մենք կարողացանք արձանագրել արտաքին առևտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր: Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23,5%-ով, իսկ ներմուծումը՝ 28%-ով: Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում: Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն: Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ: Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»:

Նշենք, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին