▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես երիտասարդ Արևիկ Առաքելյանի` Եղեռնի թեմայով աշխատանքը հայտնվեց եվրոպական հայտնի ամսագրում

Հունվարի 29-ին` ժամը  20.00-ին, Արամի 42/1 հասցեում գտնվող «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի է ունենալու երիտասարդ արվեստագետ Արևիկ Առաքելյանի յուրահատուկ աշխատանքների ցուցահանդեսը, որոնք արված են օրգանական ապակիներով. դրանց վրա կա նաև խճանկարային մոտեցում: Asekose.am-ի հետ զրույցում Արևիկը պատմել է ցուցահանդեսի, իր գործունեության, եվրոպական ամսագրում հայտնվելու մասին և ոչ միայն:

«Ամեն անգամ փորձում եմ աշխատել այն նյութերով, որ որևէ բանի համար այլևս պիտանի չեն կամ այլ կերպ ասած` դեն նետելու են: Այս անգամ աշխատել եմ օրգանական ապակիներով, փորձել եմ խճանկարային տպավորություն ստեղծել, հատուկ պատկերներ չեմ ընտրել, որպեսզի այդ աբստրակտ ոճը պահպանվի: Պատկերասրահներում ցուցադրվելու հետո հետաքրքրություն մտցնելու համար որոշեցի նմանատիպ վայրում ցուցահանդես կազմակերպել»,- պատմեց Արևիկը` հավելելով, որ ցուցահանդեսի խորագրի ընտրությունը պատահական չէ.

«Ցուցահանդեսի խորագիրն է «Իրականություն». խոսքն այս դեպքում իմ իրականության մասին է, թե ես ինչպես եմ պատկերացնում արվեստը, ինչպես եմ կարողանում արտահայտել իմ մտքերը տարբեր նյութերով: Մարդիկ կան, ովքեր նայելով այս պատկերներին, պատկերացնում են այնպիսի բաներ, որոնք ինձ համար նորություն են, նրանք տեսնում են իրենց իրականությունը: Հիմնականում ստեղծագործում եմ տաք գույներով, որոնք, կարծես, դրական էներգիա են փոխանցում, սառը գույներում ես ինձ չեմ պատկերացնում: Այն, ինչ անում եմ, անում եմ անկեղծ»:

Երիտասարդ նկարչուհին ցանկացած անպետք իրից կարողանում է հետաքրքիր գործեր ստանալ:

«2016թ. օղու շշերով հավաքեցի մեծ ձուկ, որն իմ ամենամեծ գործերից է, ցուցադրվում է ՆՓԱԿ արվեստի կենտրոնում: Հիմնականում ինստալացիաների համար եմ օգտագործում նման նյութերը, իսկ, առհասարակ, նկարում եմ կտավի վրա, որն ինձ այս պահին ավելի հոգեհարազատ է, զբաղվում եմ խեցեգործությամբ, քանդակագործությամբ: Աշխատում եմ զգայական դաշտով, օրինակ` հնարավոր է` ես ոչ մի պատկեր ի սկզբանե չմտածեմ, բայց երբ սկսում եմ աշխատել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում: Այս պահին ստեղծագործում եմ կոնկրետ թեմայով` նկարում եմ հին ամերիկացիներին, ովքեր իրենց կերպարային առումով շատ հետաքրքիր են»:

Արևիկի խոսքով` ամեն վայրկյան ու ցանկացած բան իրեն կարող է ոգեշնչել.

«Ամեն վայրկյան արվեստագետի մոտ ոգեշնչում կարող է լինել, եթե, իհարկե, նա ուշադիր է լինում: Օրինակ` էմոցիաների կուտակում կարող է լինել, և դու փորձես դրանց ազդեցության տակ ստեղծագործել: Իհարկե, էմոցիաները կարող են նաև բացասական լինել, սակայն դրանց ազդեցության տակ կարող է ստացվել մի ստեղծագործություն, որի բացասական էներգիան կանցնի նաև դիտողին: Ես փորձում եմ հնարավորինս դրական էներգիայով աշխատել, որպեսզի բացասական էներգիա չփոխանցեմ դիտողներին»:

Երիտասարդ նկարչուհին բնական է համարում նաև քննադատական խոսքերը, քանի որ կարծում է, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը.

«Ունեմ շատ մոտ ընկերներ, ում կարծիքն ինձ համար ինչ-որ չափով կարևոր է, սակայն կարծիքները երբեմն կարող են նաև խանգարել: Քննադատական կարծիքների դեպքում փորձում եմ հաշվի առնել դրանց դրական կողմերը»:

Մասնագիտությամբ խեցեգործ-նկարչուհին իր ֆինանսական կայունությունը չի փորձում  ապահովել իր աշխատանքները վաճառելով.

«Մանկուց սիրել եմ այն, ինչով հիմա զբաղվում եմ: Այլ բնագավառում երբեք ինձ չեմ պատկերացրել: Խեցեգործության ուսուցչոււհի եմ աշխատում, ֆինանսական կայունությունս փորձում եմ այլ աշխատանքներով ապահովել: Ես միշտ պատրաստ եմ անել յուրաքանչյուր աշխատանք, միայն եթե դրանով կարող եմ ապահովել իմ ներկերի գումարը,  հոգալ իմ արվեստի հետ կապված բոլոր ծախսերը»:

Զրույցի վերջում պարզ դարձավ նաև, որ Արևիկի աշխատանքը հայտնվել է եվրոպական հայտնի ամսագրի էջերում:

«Եղեռնի հարյուրամյակի միջոցառումեների շրջանակներում ՆՓԱԿ-ում կազմակերպվեց ալտերնատիվ ցուցահանդես, որում իմ և մեկ այլ ստեղծագործողի աշխատանքները ճանաչվեցին Երևան քաղաքում կազմակերպված ցուցահանդեսների լավագույն գործեր: Դրանց լուսանկարները տեղադրված են նաև եվրոպական հայտնի մի ամսագրում: Ինձ համար դա շատ կարևոր էր, քանի որ պարզ դարձավ, որ գործս ազդել է մարդկանց ներքին աշխարհի վրա»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արևիկ Առաքելյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին