Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը հանելու պահանջով: Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։
Քննարկմանը մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Նրանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։
Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով մեղադրել է Հայաստանին` ֆաշիզմին օժանդակելու մեջ: Նշենք, որ Մարկովը, ով հայտնի է ադրբեջանամետ դիրքորոշմամբ, հայտնել է, որ Change.org կայքում արդեն մոտ 200.000 ստորագրություն է հավաքվել` Երևանում Գարեգին Նժդեհի արձանը հանելու համար: