▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեքչյանը հրաժարական տվեց. Թուրքիայի նախընտրելի Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին

Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ:  Ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Պոլսի հայկական «Ժամանակ» թերթը, պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։

Խորհրդակցությունից հետո հստակացվել են հետևյալ կետերը.

1. Պատրիարքական ընտրությունը կատարվում է Եկեղեցու և պետության համաձայնությամբ և համագործակցությամբ։ Պատրիարքական Աթոռի պատմության մեջ միշտ առկա է եղել այս իրողությունը։ Հետևաբար սույն պաշտոնագրի բովանդակությունն ընկալվել է այս իրողության լույսի ներքո։ Պետությունն իր կամքը հայտնել է այն շեշտադրությամբ, որ 85-րդ պատրիարքին ընտրելու պայմանները հասունացած չեն և հետևաբար տեղապահի ընտրությունն անհիմն է։ Հետևաբար, ըստ օրենքների, հնարավոր չէ պատրիարքական աթոռը թափուր հռչակել՝ Մեսրոպ պատրիարքին հանգստյան  կոչելով:

2. Սույն նամակը պահանջում է վերադառնալ 2016թ հոկտեմբերի 26-ին գումարված Եկեղեցական Ընդհանուր Համագումարից առաջ գոյություն ունեցող իրավիճակին։ Ուստի նույն նամակով հաստատվում է, որ 2010թ հուլիս 1-ին Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ ընտրված Արամ Աթեշյանը շարունակում է պաշտոնավարումը՝ համաձայն Նախարարների Խորհրդի՝ 2010թ օգոստոսի 18-ի պաշտոնագրի լիազորությունների։

3. Ժողովական հայրերը անհրաժեշտ են համարել ընդառաջել պաշտոնագրում տեղ գտած նկատառումներին՝ հանուն ապագայում պատրիարքի ընտրությունների բարվոք ընթացքի:

4. Ժողովական հայրերը շեշտել են նաև պատրիարքի ընտրությունը պատեհ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը։

Պատրիարքարանից համայնքին կոչ է արվել համայնքի ներսում խաղաղությունը գերադասել անձնական նպատակներից, հեռու մնալ համայնքի փխրուն խաղաղությունը վիրավորող և պառակտող նախաձեռնություններից ու արտահայտություններից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի էր տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Այս համատեքստում Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների և երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի ատենապետ, փաստաբան Սեբուհ Ասլանգի եւ իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ ժողով է եղել:  Քննարկել են նոր պատրիարքի ընտրության հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: 

Համայնքի ներկայացուցիչները կոչ են արել ու խնդրել հնարավորինս արագ անցկացնել պատրիարքի ընտրությունները եւ շեշտել են, որ Արամ Աթեշյանի հետ աշխատելն արդեն շատ դժվար կլինի: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ի պատասխան նշել է, որ Թուրքիա պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու Արամ Աթեշյանին: Ըստ նրա՝ պետությունը գործում է սահմանված օրենքների շրջանակներում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին