Տեղեկացրել էինք, որ մարտի 12-ից 17-ը Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա:
«Ադրբեջանի ՊՆ-ը պնդում էր, թե նոր սպառազինություն են ցուցադրելու, բայց արդեն մարտի 15-ն է, ոչ մի նոր զենք չտեսանք: Չի բացառվում, որ հետո ցուցադրեն, բայց փորձը ցույց է տալիս, որ 2016թ. և 2017թ. արված զորավարժությունների ժամանակ հենց առաջին օրը ցուցադրեցին նոր զենքերը: Երկու տարիների ընթացքում էլ հակահարձակողական կանխարգելիչ գործողությունների սցենարն էր: 2018թ. համար էլ նշում էին, որ բնույթը հակահարձակողական է, բայց մեկ տարբերությամբ.ադրբեջանական կողմն անցնում է հակահարձակման ու վերականգնում է իր վերահսկողությունը պաշտպանական կարևոր գծերում, փորձում են հետ գրավել: Սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ վստահ չեն իրենց գերակայության վրա, ենթադրում են, որ ամբողջ ուժը իրենց ձեռքում չէ, հայկական կողմը կարող է գործողություններ սկսել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Անի Կարապետյան