Ֆերմեր Տիգրան Եղոյանը շարունակում է ահազանգել՝ 12 գյուղերով անցնող Եղեգիս գետն արդեն գոյություն չունի, ցամաքել է, առվակ է դարձել: Պատճառը 19 գործող ՀԷԿ-երն են:
«Բնապահպանության նախարարին մենք նամակ ուղարկեցինք ու ասացինք, որ կա գործող 19 ՀԷԿ։ Նախարարից ստացանք պաշտոնական նամակ, որով հայտարարեց, որ ընդամենը 6 ՀԷԿ է գործում։ Ես այն համարեցի ստահոդ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն։ Միգուցե 6 ՀԷԿ գտնվում է պետական ռեգիստրի ուշադրության կենտրոնում, մնացածը ստվերում են գործել։ Ավելին՝ հիմա ևս 2-ն են կառուցում: Դրանց թիկունքում կանգնած են օլիգարխիկ անձնավորություններ: Հոգևորականը, նախարարը, նախագահն ու վարչապետը տեղում չեն»,- նշեց Տիգրան Եղոյանը։
Նրա փոխանցմամբ՝ գետում կար կարմրախայտ, բայց այսօր ձկների մասին խոսք լինել անգամ չի կարող։
«Ի՞նչ է կատարվում այս շրջանի հետ: Վայոց Ձորի բնակչությունը պատրաստ է ստորագրություն հավաքել և, եթե հարցը լուծում չստանա, նրանք պատրաստ են հասարակական ընդվզման։ Սա տնտեսական հանցագործություն է»,-նշեց նա:
Ֆերմերի փոխանցմամբ՝ այնտեղ ՀԷԿ-եր ունեն Դավիթ Լոքյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդը, Աղվան Վարդանյանը և ուրիշներ:
«Մենք ջուր ենք ուզում, որի համար պատրաստ ենք վճարել, իսկ, թե ովքե՞ր են դրանց թիկունքում կանգնած, մեզ դա չի հետաքրքրում: Շատին համայնքում էլ մասսայական որսագողություն է.անընդհատ կրակոցներ են: Որսում են վայրի կենդանիների»:
Ասուլիսին ներկա էր նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ում ֆերմերը կոչ արեց իրենց հետ միասին պայքարել.
«Եկեք միասին դուրս գանք այս բորենիների դեմ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բնապահպան Կարինե Դանիելյանը անդրդադառնալով այս ահազանգին՝ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր. «Ցավոք, այս տարի ոչ միայն Սևանի մակարդակը չբարձրացավ, այլև այսօրվա տվյալներով 5սմ-ի կորուստ ունենք՝ անցած տարվա հետ համեմատ: Եղեգիսի հետ կապված անընդհատ վեճ է գնում: Եթե լսենք ՀԷԿ-երի միության ներկայացուցիչներին, ապա սո՛ւտ է, նման բան չկա: Բայց, երբ նայում ես թվերին, թե ե՞րբ է իջնում ջրի մակարդակը, ապա տեսնում ես, որ հիմնականում էներգետիկ նպատակներով են ջուրը բաց թողնում, չնայած կառավարության որոշման համաձայն՝ միայն ոռոգման նպատակով պետք է Սևանից ջուր բաց թողնել: Ասեմ, որ ջրի ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001 թվականին: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ՝ հասկանալի չէ: Ակնհայտ էր, որ էներգետիկ նպատակներով էին բաց թողնում, չնայած ատոմակայանը աշխատում էր: Այս տարի քիչ ունեցանք տեղումներ, դեռևս անցած տարվա հունվարին կառավարությունը հայտարարեց, որ երաշտ է լինելու, դրա համար եկեք 100 մլն խմ բաց թողնենք, մենք շատ զարմացանք, թե ի՞նչ իմացան: Ստիպված մտածում ես, որ էներգիա ստանալու, վաճառելու համար են արվում»:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանից էլ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք նախարարությունը տեղեկություն ունի այս խնդրի մասին, նա պատասխանել էր՝ դժվար թե գողանան, չափաքանակ կա սահմանված:
«Որքան հիշում եմ՝ 190 մլն խմ է, բայց երաշտի ժամանակ Կառավարության որոշմամբ ԱԺ հաստատվում է նաև ջրային մեկ այլ հաշվիչ, որը պետք է բաց թողնվի Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար: Ջրագողության մասին չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է «Արփա-Սևան» թունելին, այնտեղ հիմա նորոգում է ընթանում, բնականաբար, ջրերը չեն ուղղվում Սևան: Իրենց նախկին հուներով ուղղորդվում են Եղեգիս գետ: Այնտեղ կան ՀԷԿ-եր, որոնք էներգիա են ստանում այդ ջրով: Օրենքով չափաքանակ կա, ես չգիտեմ՝ գողության մասը որն է»,- Asekose.am-ի թղթակցին ասել էր Իգոր Սարգսյանը: Ինչ վերաբերում է Եղեգիս գետի ցամաքելուն՝ նշել էր. «Որպես բնապահպան մտահոգված եմ: Չի՛ կարելի շատ ՀԷԿ-եր կառուցել այդ գետի վրա, որովհետև մեկ ՀԷԿ-ը վերջանում է, մյուսն է սկսվում ու ջուրը տանում են: Բնության բարիքը պետք է բնությունով գնա: Կարելի է մտածել էներգետիկ այլ աղբյուրներ ստեղծելու մասին.արևային էներգիա և այլն: Պարտադիր չէ գետերի ջուրը տանել: Բայց այն, ինչ արվել է, օրենքի սահմաններում է եղել, պետությունն օրենսդրորեն կարգավորել է, իսկ ընթացքում թե ո՞վ, ի՞նչ է փախցնում գետից՝ հայտնաբերվում է: Պատժամիջոցներն էլ անխուսափելի են»:
Անի Կարապետյան