▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեր տան մեջ օտար եղանք.բարո՛վ գաք ու կառավարեք.Գրականագետը՝ երիտասարդ ցուցարարներին

Գրականագետ Դավիթ Գասպարյանին հիացրել է երիտասարդների կողմից արդեն 9-րդ օրն անցկացվող ցույցը:

«Հրաշալի է: Ժողովուրդը դժվարանում է անգամ տրանսպորտի հարցում, բայց լուռ քայլում են, ցուցարարների հետ են: Երանի երիտասարդներն ապրեն արդար, հարուստ Հայաստանում: Ուզում են այս առիթով նրանց նվիրել Գառնիկ Քալաշյանի տողերը.

Երանի Ձեզ, որ պետք է գաք, 

Մեզնից ուրախ, մեզնից խնդուն,

Մենք մեր տան մեջ օտար եղանք,

Դուք տիրաբար մտե՛ք մեր տուն:

Բարով գան, բարով կառավարեն, լավ Հայաստան ստեղծեն»,-ասաց Դավիթ Գասպարյանը՝ ընդգծելով.

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեղավորը իշխանությունն է: 10 տարի շարունակ իշխել ու ժողովրդին միայն բառերով կերակրել չի լինում:  Մի օր այս ամենը լինելու էր: Եվ հետո, մարդն ամենաշատը երկու անգամ պետք է ղեկավարի: Ի՞նչ է նշանակում փոխել Սահմանադրությունը, դա հո զգե՞ստ չէ, որ ձևափոխես:Ասում են՝ 7.5 տոկոս տնտեսական աճ ունենք: Սա սարսափ է: Ո՞ւր է այդ 7.5 տոկոսը.ինչպե՞ս զգանք: Երկրի առաջընթացո՞վ, թե՝ ժողովրդի կենսամակրադակով:

Ամենուր դպրոցներ են փակում, համայնքներն են միավորում: Հա, ի դեպ, բարի եղեք նախարարությունների թիվն էլ կրճատեք: Սփյուռքի նախարարությունն ինչի՞ համար է, եթե կա ԱԳՆ-ը: Ինչքան ասացին «Արի տուն», այնքան տնից փախան:

ժողովուրդը հուսահատված է, քանի որ հեռանկար չկա: Երիտասարդն ավարտում է համալսարանը՝ աշխատելու տեղ չկա: Այստեղ-այնտեղ է դիմում, խաբում են, գործ չի լինում,  ստիպված հեռանում է Հայաստանից:

Այստեղ ամեն ինչ շատ թանկ է: Ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը գերադասի Ամանորը Վրաստանում նշելը: ԻՆչո՞ւ պետք է այսպես լինի: Սևանում մեկ օր մնում ես՝ գներից սարսափում ես:

Թանկ է նաև ավիատոմսը: Խայտառակությո՛ւն: 

Կամ ԱԺ-ն: Փայլեցրած դեմքերով կանանց են բերել, որ ոչինչ չեն արել ու անում երկրի համար: Նրանց նայում ես՝ լացդ գալիս է: Մարդիկ կան, որ երբեք ելույթ չեն ունենում: Պետք է կրճատել նրանց թիվը:

Հայաստանում բոլոր պաշտոնները իրար մեջ են բաժանում.հայրը մի տեղ է աշխատում, որդին մեկ ուրիշ, հարսը՝ մեկ այլ տեղ: Մեկը մյուսին պահում են ու սա խեղդում է, դառնում արտագաղթի պատճառ:

ԽՍՀՄ տարիներին մեր գիտությունը վերելք էր պարում, առաջատար էր, իսկ հիմա ատենախոսություններ են գրում ու վաճառում: Գիտությունը հանել ենք վաճառքի:

Ընկած է նաև կրթության որակը: Ի՞նչ է նշանակում 12-ամյա կրթությունը, պետք է դառնա 10-ամյա:

Վատ է  նաև առողջապահության վիճակը: Գնացի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, այս սենյակից մյուսը տարան, փողերս թալանեցին, հետո ասացին՝լավ կլինի, ինքն իրեն կանցնի»:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ մտավորականները չեն առաջնորդում երիտասարդներին, գրականագետը պատասխանեց.

«Տո՛ տակները լցրած, տանը նստած են: Կամ պետք է քծնեն, կամ վախեցած նստեն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին