▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի. Ֆելիքս Ցոլակյան

Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՇՊՀ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, արհեստականորեն թեժանում են:

Ինչպես և խոստացել էի՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ծանոթանալով համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես եմ եկել հայտարարությամբ, որով միջնորդել եմ ռեկտորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը քննարկելու համար՝ սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել եմ խորհրդի քարտուղարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:

Ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այս պահը ոչ մի կողմից չենք ստացել որևէ առաջարկ: Այս լռությունը, թերևս, փաստում է, որ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի, որը, բնականաբար, կապված է սույն թվականի մայիսի 1-ին իմ արտահայտած դիրքորոշման հետ:

Բացի այդ, քաղաքական խաժամուժին սպասարկող ողջ լրատվավերլուծական դաշտը առանց խնդրի իսկությունը ճշտելու, շրջանցելով իմ հայտարարությունը՝ լծվել է իմ անունը սևացնելու գործին: Մեկ բան ակնհայտ է՝ չարախոսելով և պատվեր կատարելով քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերը պատիվ չեն բերել և ոչ մեկին:

Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ վերստին նշել, որ անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, թե ովքեր են կանգնած իմ անունը արհեստականորեն այս իրավիճակի հետ կապելու և ինձ սևացնելու ակունքներում՝ իմ դիրքորոշումը հստակ է, այն ուղղված է եղել հանրապետությունում լարված իրավիճակը թոթափելուն, որի համար չեմ զղջում:

Ես իմ խղճի առջև ազնիվ եմ, ինչը գոնե ինձ ճանաչողները լավ գիտեն:

Խոհեմություն եմ մաղթում բոլորին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին