Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները դժգոհ են դեկան Արմեն Բաբախանյանից: Նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Դժգոհ են այն տիրող մթնոլորտից, որն առկա է վերջին 7 տարիների ընթացքում: Անարդարություն, արտոնյալ մարդիկ և այլն:
Պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի խոսքով՝ ամեն փայլուն դաշնակահարը չէ, որ կարող է ղեկավար լինել:
-Մարդը, երբ դառնում է ղեկավար, պետք է հասկանա, որ ինքն է ծառայում կոլեկտիվին, ոչ թե հակառակը: Սեփական շահերը, տրամադրությունը, հարաբերություններն ու ճաշակը, իր ուսանողների շահերը կապում է կոլեկտիվի վզին, խեղդում է այնքան, մինչև ընդունես իր խաղի կանոնները, իսկ եթե ոչ, սկսվում է հալածանք՝ ուսանողների ու դասախոսների նկատմամբ: Ամեն ինչ՝ գնահատականները, վճարովի, անվճար համակարգերն իր ձեռքում է կենտրոնացրել: Իր համար անգամ նշանակություն ունի, թե ո՞ր դասախոսի մոտ է սովորում ուսանողը, և, եթե դա իր չսիրածն է, վերջ, կորած է: Եթե ձեռքում ճար է լինում, իրեն ոչ հաճելի մարդկանց ձգտում է հանել ասպարեզից: Հանձնաժողովներում էլ իր մարդիկ են.հաճախ թելադրում է, թե ինչպե՞ս գնահատեն մարդուն: Նա նայում է, թե այդ դասախոսն ի՞նչ լավ ուսանողներ ունի ու այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ նրան տանի այդ դասախոսի մոտից: Քաշում է դեպի իրեն: Ստեղծված է բաբախանյականների և ոչ բաբախանյականների մթնոլորտ,-ասաց Մարգարիտ Սարգսյանը:
Ուսանողների խոսքով՝ գնահատում են այնպես, որպեսզի որոշ ուսանողներ չկորցնեն անվճար սովորելու հնարավորությունը:
Ամեն ինչ սկսվում է անվճար-վճարովի տեղի շուկայական հարաբերություններից: Անվճար բաժնում սովորում են իր ցանկացած մարդիկ:
Ասում են՝ որոշեցին այսօր խոսել, պահանջել նրա հրաժարականը, քանի որ մինչ այդ Արմեն Բաբախանյանի մեջքին կանգնած էին մարդիկ, ովքեր նրան անձեռնմխելի էին դարձնում:
Այս պահին դեռ կապ չենք կարողացել հաստատել Արմեն Բաբախանյանի հետ, ուստի նրա տեսակետն ու պատասխանը կհրապարակենք ավելի ուշ:
Անի Կարապետյան