▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը նամակ է գրել Արա Բաբլոյանին` կոչ անելով համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու

Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, հաղորդում է Aysor.am-ը։ 

«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից եւ հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։

Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաեւ հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության ընթացքում։

Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու եւ ինչ ձեւով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։

Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է եւ շարունակելու է մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քանի որ չունեմ որեւէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ», - գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։

 

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Գեներալ  Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին