Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում որոշվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարեց դատախազության միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Ինչպես նաեւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ քրեական հետապնդում իրականացնել եւ ազատությունից զրկել Մանվել Գրիգորյանին: