Արդեն տեղեկացրել ենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում. հայտարարվել է հետախուզում:
Մինչ այդ, համացանցում հայտնվել են արխիվ կադրեր, որոնցում Միքայել Հարությունյանը երեք ամիս առաջ արդեն հարցաքննվել է նույն գործով, սակայն նշել է, որ չի հասկանում, թե ինչու՞ են իրեն հարցնում երկրի ներքին կյանքում բանակի օգտագործման օրինականության մասին, քանի որ ինքը 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին կատարել է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը:
Հիշեցնենք, որ այս գարնանը ՔՀԾ-ում դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում էին 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին բանակը ներգրավվածությանը փաստերի մասին փաստահավաք խմբի հայտնի զեկույցը: