Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:
Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ: