Հուլիս 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում, կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել: Այս մասին վկայող տեսանյութեր են հրապարակվել ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 18-ին հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական կցորդին՝ բարձրացնելու հարցը նրանց մոտ:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու միջադեպի հետ կապված հարցեր:
«Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց և նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի», – գրել է մարզպետը: