«Սասնա ծռերի» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարանում հերթական նիստի ժամանակ նոր աղմկահարույց բացահայտում է արել։
Նա հայտարարել է, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
«Ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողը Արմեն Բիլյանը չէ: Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր, իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»:
Պավլիկ Մանուկյանը ևս մեկ հայտարարություն արեց՝ նշելով, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղադրված բանկոմատը բացել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ իրենց սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանը. «Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,-ասաց նա:
Հավելենք, որ ՊՊԾ գնդում վիրավորված, հիվանդանոցում մահացած ոստիկանը Գագիկ Մկրտչյանն է:
Հիշեցնենք, որ Էդվարդ Գրիգորյանի և Մխիթար Ավետիսյանի խափանման միջոցները փոխվել են և նրանք ազատ են արձակվել:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն, հերքում է Պ. Մանուկյանի հայտարարությունը։
«Սասնա Ծռեր խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։