Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ եւ այդ պատճառով ինքը կարող է նիստը վարել մինչեւ ժամը 12:15-ը. «Եթե չավարտենք, ապա նիստը կշարունակի վարել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական գնումների համակարգին եւ մրցույթներին` ասելով.

«Կոչ եմ անում Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին` շատ ուշադիր ու նախանձախնդիր լինել մրցույթներում ու պետական գնումների տենդերների հարցում, այստեղ մենք լուրջ հարցեր ունենք։ Մենք ասում ենք, որ պետության հնարավորությունները սահմանափակ են, սակայն, երբ ուսումնասիրում ենք, թե ոնց են օգտագործվում միջոցները, հասկանում ենք, որ մեծ մասը նետվում է ձորը։ Այդ պատճառով,դրա դռներն ու պատուհանները պետք է պինդ փակել, որ այլեւս որեւէ բան ձորը չնետվի։ Ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Մենք, ցավոք, չունենք այնպիսի իրավիճակ, որ գնանք մի կասկածելի ոլորտ ու ասենք` չէ, սխալվել ենք, բան չկար։ Սակայն ամեն անգամ ցնցող, ցինիզմի հասնող բացահայտումներ ենք անում։ Բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են։ Եթե այդ թեմաների մասին չխոսենք, այնքան վատնելու են այդ կաթսայի մեջ եղածներն ու տանելու են։ Համայնքներն այսօր փող չունեն. դպրոցում տնօրենն իր բարեկամներից 20 հոգի նշանակել է ու աշխատավարձ է տալիս, սակայն գործի չեն գալիս։ Ֆինանսավորումը, որ տալիս ենք, պետք է շատ հստակ լինենք»:


