Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում՝ Գեղարդ վանական համալիր չհասած ճանապարհահատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափում է տեղի ունեցել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ հսկայական ժայռաբեկորները փակել են Գեղարդ վանական համալիրի ճանապարհը: Փրկարարները կատարել են հետախուզական աշխատանքներ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե գյուղապետարանը, փրկարարներն ու ոստիկանները օպերատիվորեն ժամանել են, ապա 3 ժամից ավելի է, Կոտայքի մարզպետարանից, կապի և տրանսպորտի նախարարությունից, տեղական ճանշինից ոչ մի պաշտոնյա չկա, հավանաբար նրանք «Մսրա Մելիքի քուն են մտել»:
Հսկայական ժայռաբեկորները հեռացնելու համար պետք է օգտագործվի հատուկ տեխնիկա, իսկ մինչ այդ իրենից լուրջ վտանգ ներկայացնող մի ահռելի հատված պետք է պայթեցվի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Կ. Գաբրիելյանն ասել է. «Մի քանի անգամ այս խնդիրը լուծելու նպատակով դիմել ենք պատկան մարմիններին, ամեն անգամ նույն պատասխանն են տվել՝ գումար չկա, կլինի կանենք, յոլա գնացեք»:


