▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության շարժիչներից մեկն է. Փաշինյանն այցելել է Երևանում կառուցվող «Ինժեներական քաղաք»

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ:

Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը: 

«Ինժեներական քաղաք»-ն ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 համակերեսով հողամասը. հողհատկացումն իրականացվելու է առաջիկայում: 

 

 

 

 

 

 

 

 

«Ինժեներական քաղաք»-ի տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Վարչապետը շրջայց է կատարել նաև նշված թանգարաններում՝ ծանոթացել այնտեղ ներկայացված ցուցանմուշներին: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Ինժեներական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է մեր երկրի տնտեսության շարժիչներից մեկը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության, ՏՏ ոլորտի և փորձարարական ճյուղի զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին