Պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն կա ստվերային տնտեսություն, այլ նաեւ ստվերային գյուղատնտեսություն:
Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Պարզվում է՝ կան այգիներ, որոնք ընդհանրապես գրանցված չեն, որպեսզի դրա հետ կապված տուրքեր չառաջանան: Երբ վերցնում ենք ինչ-որ տարածքներ, նայում ենք, որ էսքան այգի կա, էսքան ջուր է անհրաժեշտ: Բայց գալիս է պահանջարկը՝ էդքան գումարած X քանակ: Ասում ենք՝ բացատրեք, թե ինչի է այդ տարածքի համար այդքան գումար պետք, չկա բացատրություն: Ասում են՝ վայ, եթե ջուրը չլինի, աղետ կլինի: Հետո խորհրդակցություններից հետո գալիս ասում են՝ գիտեք, էնտեղ կոսնպիրատիվ այգիներ կան, գրանցված չեն»,- ասաց Փաշինյանը և շարունակեց.
«Սիրելի հայրենակիցներ, աջակցեք, որ գտնենք ջրային ոլորտում առկա չարաշահումները, դիմեք իրավապահ մարմիններին: Ես երեք ամիս վարչապետ լինելուց հետո նոր իմացա, որ կան գաղտնի այգիներ: Էլ ինչեր ենք իմանալու՝ չգիտենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: