Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։
Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։
Ազգային Ժողովի այսօրվա նիստում պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է նաև խորհրդարանական մակարդակով փորձել հարցի լուծում գտնել՝ հաշվի առնելով, որ հացը արդեն թանկացել է, իսկ Վրաստանի կառավարության այդ որոշումը կարող է նոր թանկացման պատճառ դառնալ:
Նշենք, որ ըստ ներկրողների՝ ցորենի ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու՝ մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։
Նշենք նաև, որ կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին: