Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին մարտի 1-ի քրեական գործով նախաքննության գաղտնիությունը հանելու վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով: Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այս ամենը գաղտնազերծվի»,- ընդգծեց Խաչատրյանը:
Սասուն Խաչատրյանը հստակեցրեց, որ այդ գաղտնիությունը վերաբերվում է միայն նախաքննության փուլին:
«Դատաքննության փուլում, դատարանում գործը քննվում է դռնբաց, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք, ինչի հիմքով երբ դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել: Իսկ նախաքննության գաղտնիությունը ելնում է և գործի շահերից, և գործով անցնող անձանց շահերից, այդ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է նման պահանջ ներկայացնել»,- եզրափակեց ՀՔԾ պետը:
Լրագրողների հետ ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում