▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը՝ Համաշխարհային պետական գործիչ

Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում մասնակցել է Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախկինում ինստիտուտի տարեկան մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եւ այլք: Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը հիմնադրվել է 1980 թվականին:

 

Այն միջազգային հեղինակավոր կառույց է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում: Տարբեր տարիներին ինստիտուտի պատվավոր նախագահներ եւ տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխկանցլեր եւ արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, «ՊեպսիԿո» ընկերության հիմնադիրի Դոնալդ Քենդալը եւ շատ ուրիշներ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչեւ 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր եւ այլ բարձրարժեք ցուցանմուշներ, ներառյալ՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:

 


 

 

 

 

 

 

 

 

Նշելով, որ այս տարի հայկական մշակույթն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցադրվում է շատ ընդգրկուն ձեւով, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամիսներ առաջ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում եւս ներկայացվել են հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը եւ յուրահատուկ մշակույթին:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է նման ցուցադրությունները եւ վստահություն հայտնել, որ դրանք շարունակական կլինեն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց բազմադարյա պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին