Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:10-ին, «Կենտրոն»-ի եթերում նախատեսված էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը՝ «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում: Սակայն նախատեսված ժամին հարցազրույցի փոխարեն եթեր է հեռարձակվել հեռուստասերիալ:
Հայկական Ժամանակն է գրում ու նշում է, որ «Ուրվագիծ» հաղորդման վարող եւ հեղինակ Պետրոս Ղազարյանը իրենց հետ զրույցում ասել է՝ ինքը եւս զարմացած է, որ հարցազրույցը եթեր չի գնում: «Ես չգիտեմ, ես չեմ կարող հեռարձակման համար պատասխան տամ: Ես գիտեմ, որ հարցազրույցը եղել է, մնացածը չգիտեմ, թե ինչու չկա: Ես էլ ձեր նման»,- մասնավորապես, ասել է նա:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, որպեսզի լրագրողը պարզի, թե ինչու հարցազրույցը եթեր չի հեռարձակվում: Նրա համապատասխան գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերը եւս հետաքրքրվում են այդ հարցով, սակայն կրկին արձագանք չկա:
«Կենտրոն»-ի լուրերի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը ՀԺ-ի հետ զրույցում եւս նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու հարցազրույցը եթեր չի հեռարձակվում: