Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:
Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը. «Հայասատանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին»։
Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ողջույնի համար: Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող առաջին վարչապետն եմ: Բայց նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է»: Նշենք, որ Հանրապետության նախագահի նստավայրում էլ այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում: «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին: Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են: Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ: Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների: Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, և աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26–ում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
Ինչպես են Ֆրանկոֆոնիա անդամ երկրների ղեկավարները պարում հայկական երաժշտության ներքո
Նիկոլ Փաշինյանը Մոնակոյի արքայազնի ու մյուս հյուրերի հետ հայկական է պարում