Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Նախորդ խաղից առաջ իմ մտքում ունեի թիմի հայտացուցակը` Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել, անուններ չեմ նշի:
Մենք ընտրել եւ նշանակել ենք գլխավոր մարզիչի եւ պետք է վստահենք նրան ու սպասենք արդյունքների: Եթե առաջիկայում արդյունքները չբավարարեն մեզ, կարող ենք փոխել մարզիչին, սակայն այս պահին այդպիսի խնդիր չկա, եւ ես վստահում եմ Արմեն Գյուլբուդաղյանցին, իրեն մաղթում եմ հաղթանակ:
Կոչ եմ անում ֆուտբոլասերներին երկրպագել մեր հավաքականին ու աջակցել թիմին: Չգիտեմ, թե հայերեն ինչպես է «դուխով» բառը, թող երկրպագուները դուխ տան թիմին եւ հավատան, որ մեր տղաները կարող են հավաքվել ու արդյունք ցուցադրել:
Շատ բացասական եմ գնահատում ՖԱՖ-ի եւ Red Eagles-ի երկրպագուների մասնակցությամբ միջադեպը: Միջադեպի վերաբերյալ ՈւԵՖԱ-ից արձագանք կա, սակայն 100 հազար եվրո տուգանքի վերաբերյալ տեղեկությունը սխալ է: Կլինեն պատժամիջոցներ, որոնց մասին այժմ տեղեկություն չուենք: Ֆեդերացիայի համար, կարող են լինել նաեւ մեծ ֆինանսկական ծախսեր, իսկ մենք այժմ չենք կարող թույլ տալ այդպիսի ճոխություն»,- ասաց Վանեցյանը: