Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է մի քանի կարևոր հարցի։
Նա հիմնավորել է, որ հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունները հեղափոխության հաղթանակն էին։ Հեղափոխության նպատակը եղել է այն, որ իշխանության տերը ժողովուրդը լինի, որ ժողովուրդն ընտրությունների միջոցով որոշում կայացնի։
Փաշինյանը նշել է, որ 15 համայնքում ՔՊ-ն առաջադրել էր թեկնածու, որոնցից չեն ընտրվել միայն երկուսը։
«Մեր քաղաքական առաքելությունը իրականացրած կհամարեմ այն ժամանակ, երբ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով կհեռանանք իշխանությունից»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Կապանի ընտրության արդյունքը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ։
Փաշինյանը նաև պատմական է համարել Էջմիածնի ընտրությունը, քանի որ առաջին անգամ ունեցել ենք կին քաղաքապետ։
Փաշինյանը պատմական արդյունք է համարում և Կապանի ընտրությունը, որտեղ ազատ, արդար ընտրություններով իշխանության թեկնածուն պարտվել է։
Փաշինյանն անդրադարձել է նաև դավադրության հնարավորությանը՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Տեսական հնարավորությունը դիտարկելով՝ Փաշինյանը գործնականում գրեթե բացառեց դավադրության հավանականությունը՝ հավելելով, որ եթե նման բան լինի, ինքը դարձյալ դիմելու է ժողովրդի աջակցությանը։ Եթե ժողովուրդը դարձյալ իր խոսքն ասի, ոչ մի դավադրություն էլ չի կարող իրականացվել։
Կարդացեք նաև՝ Ինչ քայլերի կդիմի Փաշինյանը, եթե ՀՀԿ-ն չկատարի խոստումը