▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սրմաքեշն ու որդիները պատրաստ են ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

 

 

 

Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։ Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։ 

 

Նշենք, որ աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ համաժողովի բացումը, Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաև վերջերս Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։

Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների և կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար և ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի և ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները և դրանք հաղթահարելու հնարավորությունները:

Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր երկրների բազմաթիվ անդրազգային կորպորացիաների, ազդեցիկ ներդրումային ֆոնդերի, խոշոր ընկերությունների ղեկավարների:

Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը հետևել է ՄԱԿ-ի Ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողությունը, որին մասնակցել է նաև նախագահ Սարգսյանը։

Մրցանակների արժանացել են այն ընկերությունները, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ աղքատության դեմ պայքարի, որակյալ կրթության ու առողջապահության ապահովման, կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերի իրականացման գործում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել հնդկական «Invest India» ընկերությանը։

Հայաստանի Հանրապետության նախագահն այնուհետեւ այցելել է Համաշխարհային ներդրումային hամաժողովի «Ներդրումային ավանում» բացված Հայաստանի տաղավար, որտեղ մեր երկրի ներդրումային միջավայրին, գրավչությանն ու մրցակցային առավելություններին զուգահեռ` ներկայացված են նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու առանձնահատկությունները։

Նախագահը ծանոթացել է տաղավարում ներկայացված նյութերին, զրուցել այցելուների հետ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին