Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրեց կաշառք վերցնելու մեջ։
Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության, քանի որ 2008թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար 800 մլն դրամ է կանխիկացրել։ «Երբ մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել ու գումարներ ունեցել, նաև ինձ են կանչել: Ինձ հարցրել են՝ էսքան կանխիկացում եք արել, ինչի՞ համար: Ասել եմ, որ հենց 6 մլն-ն Արամ Հարությունյանի համար եմ արել:
Ասել են՝ իսկ Մայրապետյանի Սամվելին ինչո՞ւ եք 2 մլն դոլար փոխանցել: Ժամը 12:00-ից 18:00 մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ ու որոշել եմ՝ ինչո՞ւ չասել ու հայտարարել եմ, որ, այո, 2008-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ ու ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և՛ վարչապետ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին»,- հայտարարել է գործարարը:
«Ցանկացած խոշոր գործարքի մասին տեղյակ էին և՛ նախագահը, և՛ վարչապետը», – ասաց Համբարձումյանը։ Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է՝ գործարքի գումարը 40 մլն դոլար է կազմել։
Գործարարը նշեց, որ շուտով նոր գործեր կլինեն, որոնցում կհնչի նաև նախկին վարչապետ և ԵՏՀ գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի անունը։