Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, որը կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք հնարավոր թեկնածություն. «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը: Հարցը քննարկվելու է փակ ռեժիմով»,-ասել է նա:
Ուշակովը նշել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ ընտրվի, բայց դրանից զատ կան ևս երկու տարբերակներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանին պետք է փոխարինի Բելառուսը:
Եվ իբրև թեմայի շարունակություն.
«Սա ուղղակի ֆիասկո է: Մեր իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում Հայաստանը կորցրել է իր վստահությունը ՀԱՊԿ-ում, որի արդյունքում արդեն քննարկում են այլ երկրների ներկայացուցիչների նշանակումը»,-այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները:
«Սրա միակ պատասխանատուն Փաշինյանի իշխանությունն է: Բա ասում էր՝ փայլուն ա ամեն ինչ: Սա՞ է Ձեր փայլունը, պարո՛ն վարչապետ: Մենք Ձեզ ժառանգել ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում հարցականի տակ է դրվում մեր՝ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը»,- ընդգծել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները: