Այսօր Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ քննարկվել է աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019-ին կատարվելիք աշխատանքների հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշեց, որ աղետի գոտում 542 ընտանիք բնակարանային խնդիր ունեն.
«2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ։ Դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք թվերը հստակ են. «Հիշում եմ, որ տարբեր ժամանակ Գյումրու քաղաքապետարանի ու ՀԿ-ների միջև կար թվերի անհամաձայնություն, բանավեճեր, հիմա կարո՞ղ ենք ասել, որ սրանով լուծում ենք այդ 498 անօթևան ընտանիքների հարցը և ավարտում ենք աղետի գոտու մեր պարտավորությունները»։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չհերքեց, որ ներկայացված թվերում կարող են լինել անճշտություններ, ուստի պետք է շարունակել հաշվառումը։
«Երկրաշարժի 30-րդ տարելիցի մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք չունենք հստակ գնահատական, թե ինչ խնդիրներ ունենք, ինչ լուծումներ են անհրաժեշտ, ինչ ծավալի աշխատանք ունենք անելու»,- նշեց Փաշինյանը, ապա հիշեցրեց որ տնակներից զատ աղետի գոտում կա նաև դպրոցների ու մանկապարտեզների խնդիր։
Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց կազմել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշվառմամբ ու աշխատանքի ավարտին կներկայացնի աղետի գոտու խնդիրների իրական պատկերն ու վիճակագրությունը։
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում