ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամիսներ շարունակ հատկապես մեդիա-տիրույթում քննարկվում էր հետախուզվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու հարցը` գերազանցապես ոստիկանության աշխատանքի շահարկումներով. չեն կարողանում բռնեն, չեն ուզում բռնեն, ուժները չի պատում և այլն:
Մինչդեռ, ոստիկանությանը հանիրավի փնովելու և ապոկալիպտիկ մղկտոցների փոխարեն ընդամենը կարելի էր հետաքրքրվել ու բաց աղբյուրներից իմանալ, թե ինչքան բարդ գործընթաց է հետախուզումը, որքան, ջանք, ուժեր, համագործակցություն է պահանջում, իսկ եթե հետախուզվողը երկրից դուրս է, խնդիրը տեղափոխվում է նաև միջպետական հարաբերությունների, միջազգային ոստիկանական կառույցների հետ գործակցելու ոլորտ:
Հիմա խնդրում եմ այս թվարկածն ու եռապատիկ չթվարկածը գումարեք իրար և ինքներդ գնահատեք` հետախուզվողի տեղավայրը ճշտելու, հասցեն պարզելու, տեղական իշխանությունների համաձայնությունը ստանալու, տեղի իրավապահների հետ համագործակցելու, ձերբակալելու, էքստարդիցիայի և այլ ու այլ խնդիրներ լուծելու համար որքան ժամանակ է անհրաժեշտ:
Հետախուզվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է:
Ստորև նաև պաշտոնական հաղորդագրությունը.
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ: