Այսօր տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը Երևանի ավագանու նիստում ընդունվեց բավականին թեժ մթնոլորտում:
Այդ նախագծով նախատեսվում է մի շարք տուրքերի բարձրացում, ինչը արդեն քանի օր է՝ բիզնեսի շրջանում դժգոհություններ է առաջացրել:

2019 թ․ տուրքերի նախագիծն ընդունվեց բավականին թեժ մթնոլորտում։ Նախագծին դեմ էին արտահայտվում ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների ավագանու անդամները։ Նրանք դեմ քվեարկեցին տուրքերի բարձրացման նախագծին, սակայն «Իմ քայլը» դաշինքի 51 անդամները, կողմ քվեարկելով, կարողացան ընդունել փոփոխությունները։
Մասնավորապես, 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: 2018 թ․ դրույքաչափերն են համապատասխանաբար 15000 և 25000 դրամ։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով՝ 350000 դրամից դառնալով 600000 հազար դրամ։

Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը: Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքերը ևս կբարձրացվեն։
Մասնավորապես, առևտրային օբյեկտների համար տուրքի աճը կլինի 32500 դրամով կամ 37 տոկոսով, հանրային սննդի և զվարճանքի համար՝ 75 հազար դրամով կամ 48 տոկոսով, բաղնիքների համար՝ 525000 դրամով կամ 60 տոկոսով և այլն։

Սահմանվել են նաև առաջին անգամ կիրառվող բարձր տեղական տուրքեր։ Օրինակ՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացնելու թույլտվության համար տնտեսավարողը 300 հազար դրամ պետք է վճարի օրացուցային տարվա համար։

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով` այս փոփոխությունները խոշոր բիզնեսի մոտ գրեթե չեն նկատվելու, իսկ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդեցությունը չնչին է լինելու:


