ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կայքերից մեկի ՝ «Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերնագրով հրապարակմանը, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան:
«Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։
Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։