Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ստեփան Նավասարդյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-դր գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018 թվականին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել և կատարվում է խոշոր չափի չարաշահումներ։Ոստիկանները, իսկ հետո՝ Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել, որ այսօր տնօրեն Գ. Հովհաննիսյանը ձերբակալվի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենը չի կարողացել մոլորեցնել քննչական խմբին և Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր։ Քննիչները պարզել են նաև, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Մանկապարտեզի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Տնօրենը որպես դռնապահ հավաքարար, աշխատանքի է ընդունել բարձագույն բժշկական կրթություն ունեցող իր հարսին, իսկ բանվոր՝ կիբեռնետիկ իր ամուսնուն, որպես պահակ կամ օժանդակ բանվորներ՝ իր հարևաններից մի քանիսին։ Իսկ որոշ դեպքերոււմ էլ գումարները հափշտակել է աշխատանքից փաստացի ազատված անձանց աշխատավարձերի գումարները՝ վերջիններիս բանկային քարտերին փոխանցելու և անձամբ կանխիկացնելու եղանակով: Նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են։ Հիմնավորվել է նաև այն, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված իրեն վստահված սննդամթերքից։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում