ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ժամը 06:15-ի սահմաններում, կալանավորված անձ 51-ամյա Մհեր Եղիազարյանի (մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին։
Այս առնչությամբ, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը նշել է, որ Մհեր Եղիազարյանը 44 օր հացադուլ էր հայտարարել. «Անձամբ իմ եւ «Հայոց Արծիվներ»-ի անունից՝ խոր վշտով ցավակցում եմ Մհեր Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիր եւ մտերիմ ընկերներին։ Թո՛ղ Մհեր Եղիազարյանի հոգին լուսավորվի Աստծո արքայության մեջ»,-նշել է նա: