▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է անհրաժեշտ միջոցները՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին: Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառի ամենահեղինակավոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ այն ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքն ընդլայնելու և ամրապնդելու լավ հնարավորություն կտա:

Զրուցակիցները քննարկել են նաև ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին