«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:
Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում:
Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,-գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակային հարցեր է ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․
«Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն…
Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն /ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/ 3 հարցի պատասխանը պետք է տա՝
1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:
2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:
3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:
Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:
Հիշեցնենք նաև՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննադատել է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ նրա տեսակետների համար, որ հայտնել էր ադրբեջանական Turan-ի հետ հարցազրույցում։ Սրան հաջորդել էին քննադատություններ պատգամավորի հասցեին։ Փաշինյանի խորհրդականն այս գրառմամբ փաստացի աջակցություն է հայտնել թիմակցին՝ շարունակելով վեճը ՀԱԿ-ի հետ։