Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակմանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Աննա Հակոբյանի պատասխանը, որտեղ ասված է.«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Իրավունք» թերթը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են: Ըստ թերթի՝ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ Մաշադյանը սրընթաց պաշտոնների հասնում։