Որեւէ մեկը չի կարող ինձ զանգահարել եւ նմանատիպ տոնով խոսել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե հենց ինքն է այն պաշտոնյան, որին զանգահարել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը եւ հայհոյել։

«Ուրեմն, ես անկեղծ ասեմ ձեզ՝ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսք գնում: Ինձ որևէ մեկը չի զանգահարել ու որևէ մեկը նման տոնով չի կարող ինձ զանգել ու խոսել: Վստահեցնում եմ ձեզ», -հայտարարել է Օսիպյանը:
Հարցին, թե երբ Հայաստան կտեղափոխվի Նարեկ Սարգսյանը, Օսիպյանը պատասխանել է. «Ինչ հնարավոր է, ոստիկանությունն անում է»:

Վալերի Օսիպյանը չի փոխել իր դիրքորոշումը և պնդելու է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում չկիրառվի: «Ես մեկ անգամ արդեն ասել եմ և պնդում եմ իմ ասածները», -հայտարարել է Օսիպյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը:

Հարցին, թե տեղեկություն ունե՞ն, ծրագրվում է փողոցնե՞ր փակել, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաներ, որոնք ձեռք են բերվել օրենքի սահմաններում, դրանք հրապարակման ենթակա չեն: Այո՛, մենք տիրապետում ենք:
Որևէ մեկը եթե փորձի կարգ խախտի, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի, կարժանանան կոշտ գնահատականի՝ օրենքի սահմաններում»:

Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր. «Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:


