Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը` գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Օրբելյանը։ Վերջինս մարտի 26-ի երեկոյան նամակ էր ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։
Վերջինիս պնդմամբ՝ Նազենի Ղարիբյանը վաղուց էր ուզում ազատել իրեն աշխատանքից:
«Նազենի Ղարիբյանը կարծում է, որ իմ նշանակումն անօրինական է եղել։ Ինձ պետությունն է նշանակել։ Գուցե նա Գերագույն դատարանի նախագա՞հն է։ Ինձ ազատել են տնօրենի պաշտոնից, իսկ գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը», – լրագրողների հետ զրույցում ասաց Օրբելյանը։
Օրբելյանն ընդգծեց, որ երեկ նրան զանգահարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Նա ինձ զանգահարեց ժամը 22:00–ի սահմաններում և ասաց, որ զարմացած է», – պատմեց Օրբելյանը։ Նրա խոսքով՝ ինքն այս պահին շարունակում է մնալ թատրոնում, սակայն ինչ կարգավիճակով դեռ տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ազատվել է աշխատանքից։