«Սպայկա» ընկերությունը դադարեցնում է մթերումները, այսօր հրավիրած ասուլիսում ասել է «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել 7 մլրդ դրամ հարկերից ու մաքսատուրքերից խուսափելու մեղադրանքով:
«Մենք այսօր ունեցել ենք ժողով, ես ասել եմ՝ ընկերությունը պետք է աշխատի իր բնականոն հունով, եթե ինձ կալանավորեն: Հարց է քննարկվել ապագա մթերումների մասին: Դիմացը ծիրանն է, էլ չեմ ասում կաթը, որ պետք է ծավալները մեծացնեինք մինչև մայիս: Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ չեմ: Ի՞նչ է նշանակում ես ծիրան մթերեմ, տանեմ ծիրանը մինուսով ծախեմ, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի: Ինչի՞ համար: Մոռացեք մթերումը, մենք չենք անելու, բռնեն ըսենց ճզմեն, մենք մթերե՞նք: Վեց ամիս ՊԵԿ-ը քննություն է տարել, մի հատ հարցրեք՝ խի՞ չեք կանչել մարդուն ասել՝ հարկ պիտի վճարես: Խի՞ ես վնաս տալիս մարդուն, խի՞ մեր 100 միլիոնը հարամ արեցիր»,- ասել է Դավիթ Ղազարյանը:
«Հիմա, որ մեր վարչապետին գան ասեն՝ 7 մլրդ փող է պարտք, ի՞նչ պիտի անի: Ես երեկվանից ասում եմ՝ հիմա մեր վարչապետը ջղայնացած էլ կլինի այս ամենի վրա: Կասի՝ գնացինք պանրի գործարանի բացումն արեցինք, մի կտոր պանիր կերանք, ուզում է 7 մլրդը cancel (չեղարկել) անի՞»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ վարչապետը մի քանի օր առաջ ներկա էր գործարանի բացմանը եւ դա դրական է ներկայացվել:
Դավիթ Ղազարյանը նշել է, որ չի կարծում՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է: «Ես չեմ քաղաքականացնում այս դեպքը»:
Ղազարյանը ասել է, որ վեց ամիս է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն ՊԵԿ-ից իրեն չեն կանչել ու ասել, որ ինքը «գումար ունի վճարելու պետությանը»:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այսօր հաստատեց, որ ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: