▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի. Դավիթ Սանասարյան

 

Երբեւիցե կենացներով պատմական արդարության չեն հասնում,երբեւիցե հայհոյելով պատմական արդարության չեն հասնում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը :

«ՀՀ քաղաքացիներս, նոր Հայաստանի իշխանություններս մեկ բան պետք է հասկանանք, որ ավելի քան հարյուր տարի առաջ կատարվածի պատասխանը ուժեղ Հայաստան ունենալն է, հզոր տնտեսություն ունենալն է, հզոր բանակ ունենալն է, եւ ոչ թե այն խոսքերն ու հայհոյանքները, որոնցով շատ շատերը փորձում են ինքնահաստատվել»,-ասաց Սանասարյանը:

ՊՎԾ պետը հրաժարվեց անդրադառնալ իր գործով մեղադրանքին՝ նշելով, որ այսօր այդ օրը չէ։ 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ այն հարցին, թե պնդում է, որ իր գործը շինծու է, Սանասարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացու իրավունքը չպետք է տրորվի, և ՀՀ քաղաքացին իր գործով պետք է ստեղծի իրավական պետություն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև։ 

Դավիթ Սանասարյանը նշեց նաև, որ շարունակելու է ապրել Հայաստանում.

«Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում, պայքարել հանուն ուժեղ Հայաստանի, եւ չեմ մտածելու այլ երկրներում գտնել իմ հանգիստը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին