Խորհրդարանում շարունակվում են հերթական նստաշրջանի աշխատանքները։ Այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ մեկ բաժակ մածունով։ Իսկ թե ինչու՝ վերջինս մեկնաբանեց իր ելությում։

Դանիելյանը խոսեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, թե ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել իշխանության թեկնածուն՝ Գեղամ Գեւորգյանը։
Անդրադառնալով Գեղամ Գեւորգյանի ընտրությանն ու Մարուքյանի բուն հայտարարությանը՝ պատգամավորն ասաց․
«Բարձր ստանդարտներից, շահերի բախումից է խոսում պարոն Մարուքյանը, բայց այդպես էլ չասաց՝ թեկնածուներից որեւէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՞ չէ: Ես երկուսի հետ էլ որեւէ անձնական կապ չունեմ։ Պարոն Մարուքյանը, կարծում եմ, համ նալին է խփում, համ մեխին։ Պարոն Մարուքյանն այստեղից մեզ բացատրում էր, որ պառլամենտը «պառլե» բառից է, եւ էս ամբիոնից պետք է խոսենք հասարակությանը հուզող բոլոր հարցերի մասին։ Երբ ինքը ռեկտորի պաշտոնակատարի հարցն անհարկի քաղաքականացնում էր, եւ պատասխան ստացավ, վրդովվեց, թե ինչու եք ամբիոնն օգտագործում այդ հարցերի համար»,-ասաց Դանիելյանը։
Համազասպ Դանիելյանն ասաց, որ Մարուքյանը նաեւ ելույթներից հատվածական բառեր է վերցնում, փոխում․
«Ի վերջո՝ ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը գցի եւ կլասը վերանա, տակը ի՞նչ կմնա»,-ասաց պատգամավորը՝ բացատրելով ինչի համար է մածունը․
«Քանի որ դուք սիրում եք պերֆորմանսներ՝ կոստյում եւ այլն, ես սրանով ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»:


