▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդլայնված կազմով նիստ և հուշագրերի ստորագրում՝ Հայաստանի և Վիետնամի վարչապետների գլխավորությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների ընդլայնված կազմով նիստ:

Վիետնամի վարչապետն անձամբ իր և երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով. «Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաև Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»: Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով: Վիետնամի վարչապետը նշել է, որ դեռևս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամցիներ կրթություն են ստացել Հայաստանում և իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի առաջընթացին: «Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ և վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը: Մեր երկրների միջև առկա հեռավորությունն ամենևին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով` երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ և կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

 

 

Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը` զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաև գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի և գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաև քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաև Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և կարևորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի և Վիետնամի տարածաշրջանների, առևտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 

 

Դիտեք նաև՝

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին