▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր տո՞ն չի, աշխատու՞մ եք. Արմեն Սարգսյանը՝ Սյունիքի մարզի ձեռնարկություններում

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։

«Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։

Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250-ի: Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև Արցախի գյուղացիական տնտեսություններից: Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանվում է։

Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին և պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում։

 

 

 

 

 

 

 

 

 

«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,- ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։

 

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։

«Էական է տեսնել, վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և մանավանդ կատարում է իր սոցիալական պարտականությունները»,- ասել է նախագահը` նշելով, որ լեռնամետալուրգիայի հայկական հսկան ոչ միայն մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, այլև մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին