Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի դիմաց' պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի լուծել աղբի խնդիրը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ավելներ են բերել, ցույցը հսկում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ: Աղեկյանը նշեց, որ ավելները բերել են, որպեսզի մաքրեն մայրաքաղաքը, և հավելեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու:
Սոնա Աղեկյանը բարձրախոսով հայտարարեց, որ քաղաքային իշխանությունը անգործության է մատնված, իսկ քաղաքապետը նույնիսկ չի շփվում քաղաքացիների հետ:
Սոնա Աղեկյանի խոսքով՝ Հայկ Մարությանը խնդիրները պարզապես բարդում է նախորդների վրա:
«Երբ որ քաղաքապետը գալիս է ասուլիսին և նվնվում, որ նախկին իշխանությունների մեղավորությունն է, որ իրավիճակը չի շտկվում, ապա մենք էլ ասում ենք` ինչու նախորդ իշխանություններին չեք կանչում պատասխանատվության»,-ասաց Աղեկյանը:


