▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղբամանների տեղադրման վայրը և հեռավորությունը կանոնակարգված է Առողջապահության նախարարի հրամանով․ Կամո Արեյան

 

 

Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, թե հայտնի՞ է արդյոք, թե որտեղ են տեղադրվելու 1000 երկաթե աղբամաննները։ Բացի դա, ավագանու անդամը տեղեկացրեց, որ բնակիչները հաճախ բողոքում են, որ աղբամանները տեղադրում են իրենց պատուհանների տակ, սակայն և՛ «Սանիթեքի», և՛ վարչական շրջանի ղեկավարությանը դիմելիս նրանք միմյանց վրա են գցում այդ խնդրի լուծումը։

Նա ցանկացավ իմանալ,թե ո՞ւմ լիազորության մեջ է այդ խնդրի կարգավորումը։ Արձագանքելով՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ 1000 երկաթե աղբամանները իրենց կողմից ձեռք բերված աղբամանների վերջին խմբաքանակն է։ Նա նշեց, որ ընդհանուր թվաքանակով շուրջ 9800 աղբաման է այս պահին իրենց գնման պլանում դրված։ Իսկ աղբամանների տեղադրման վայրերի և քարտեզագրման հետ կապված հարցին պատասխանեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա նշեց, որ հարցն ունի օրենսդրական կարգավորում, ըստ այդմ՝ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքով և թափոնների մասին ՀՀ օրենքով, բայց ամենաածանցյալ և կոնկրետ ակտը Առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25 հրամանն է, որտեղ հստակ ամրագրված է, թե որտեղ, ինչ հեռավորության վրա կարող են տեղադրվել աղբամանները։

«Մասնավորապես՝ բնակելի և հասարակական շենքերից 15 մետր և ոչ ավել քան 100 մետրը, զանգվածային կուտակման վայրերից մինչև 50 մետրը, ընդհանուր օգտագործման տարածքներում կա 800 քմ-ի համար մեկ փոքր աղբարկղ և 3500 քմ-ի համար 1 մեծ տարողությամբ աղբարկղ։ Կանոնակարգված է նաև՝ որտեղ տեղադրել։ Տեղադրել բակային տարածքներում, այս կարգն արգելում է փողոցների և գազոնների վրա աղբաման տեղադրելը։ Մենք քաղաքապետարանի ղեկավարության հետ քննարկել ենք այս հարցը, ժամանակն է, որ ավագանին նաև կարգավորի սանիտարական մաքրման և աղբամանների տեղադրման դիսլոկացիայի կարգը Երևան քաղաքում։ Օբյեկտիվորեն պետք է ասեմ՝ նախկինում դա չի արվել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, բայց այս հարցի օրենսդրական կարգավորման տեսանկյունից՝ Առողջապահության նախարարի հրամանն է, որը նաև կարգավորում է աղբախցերի մաքրման կարգը։ Եռօրյա ժամկետ, իսկ 5 աստիճանից ավելի դեպքում ամենօրյա ռեժիմով՝ աղբախցերի մաքրում»,- ասաց Կամո Արեյանը։

Նա նշեց, որ ցանկացած օպերատոր, լինի՝ համայնքային հիմնարկ, թե «Սանիթեք», պարտավոր է ենթարկվել Առողջապահության նախարարի այս հրամանին։ Խոսելով Դավթաշենում տեղադրված աղբամանների խնդրի մասին՝ Կամո Արեյանն ասաց, որ այնտեղ բնակչության դիմադրությանը հանդիպեցին, նրանք չէին ցանկանում, որ իրենց բակում աղբաման տեղադրվի, սակայն վերջինիս խոսքով՝ անթույլատրելի է երթևեկելի հատվածում, գազոնում աղբաման տեղադրելը։ Դրա համար պետք է շենքերի կառավարման մարմինների հետ համերաշխության մթնոլորոտում լուծել այս հարցը։

Արձագանքելով՝ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ եթե բնակչի պատուհանի տակ է տեղադրվում աղբամանը և աղբը քամին տուն է լցնում, ո՞ւմ պետք է դիմեն, Կամո Արեյանն ասաց, որ սա իհարկե և՛ վարչական շրջանի ղեկավարի, և՛ համատիրության, և՛ սպասարկող, շահագործող օպերատորի խնդիրն է, սակայն օրենսդրորեն եթե նայեն՝ խնդիրն իրենցն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին